Հայաստանի 5 ամենաբարձր գագաթները

Հայաստանի 5 ամենաբարձր գագաթները

06.03.18 | 17:04

Հայաստանը լեռնային երկիր է և ունի լեռնագնացության և լեռնային տուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ: Ներկայացնելով Հայաստանի լեռները նպատակ ունենք հետաքրքրություն առաջացնել դեպի Հայաստանի բնաշխարհը: Հայաստան ասելով նկատի ունենք Հայաստանի հանրապետությունն ու Արցախի հանրապետությունը և հետևաբար Հայաստանի ամենաբարձր գագաթների մեջ ներառված են նաև Արցախի բարձր գագաթները:

 

Պետք է նշել նաև, որ Զանգեզուրի լեռնաշղթայում կան ավելի բարձր գագաթներ քան Գոմշասարը (Սիսակապար 3826 մ, Գազանալեռ 3829 մ, Փառական 3826 մ) սակայն նպատակ ունենք առանձնացնել միայն Կապուտջուղը, որպես Զանգեզուրի լեռնաշղթայի ամենաբարձր կետ և ներկայացնել մյուս լեռնաշղթաների բարձր գագաթներն ու լեռնազանգվածները:

 

Լեսռների նկարագրությունն ըստ բարձրության

 

Արագած 4090 մ

 

Արագածը լեռնազանգված է Հայաստանի արևմուտքում, Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասաղ գետերի միջև: Իր շրջապատի նկատմամբ առանձնացած բարձրություն է, արտաքնապես կանոնավոր փռված կոն` ատամնավոր գագաթներով, մեղմաթեք լանջերով: Արագածի անվան ծագումը պատմիչները կապում են Արա աստծո հետ, Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի լանջերին պահպանվել է նախամարդու մշակույթի, ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ջրակունքների մոտ կանգնեցված հսկա վիշապներ, միջնադարյան ճարտարապետության հոյակապ կերտվածքներ:

 

Արագածը Հայկական լեռնաշխարհի չորրորդ և Հայաստանի ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ: Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ և Հարավայինը` 3887,8 մ:

 

Արագածի գագաթնային մասում, բրգաձև, ժայռային կատարների միջև ընկած է 350 մ խորությամբ և 3 կմ լայնությամբ խառնարան-կրկեսը: Արագածի գագաթային գոտին ունի խիստ մասնատված ալպյան ռելիեֆ: Սառցադաշտային բազմաթիվ կրկեսների և հովիտների վերին մասերում պահպանվում են մնացորդային սառցադաշտեր: Արագածի մերձգագաթային սարահարթը և մեղմաթեք լանջերը մասնատված են մեծ թվով խոր հովիտներով, լանջերում լայն տարածում ունեն չոր ձորերը, որոնց մի մասը հեղեղաբեր է:

 

Կապուտջուղ 3906 մ


Կապուտջուղը գտնվում է Սյունիքի մարզի և Նախիջևանի սահմանագլխին: Զանգեզուրի լեռների ամենաբարձր կետն է: Գտնվում է Քաջարանց գյուղից 9 կմ արևմուտք: Հարաբերական համեմատաբար փոքր բարձրության շնորհիվ բարձրությունը շրջապատի նկատմամբ այդքան էլ լավ արտահայտված չէ, սակայն լեռը Հայաստանի տարածքում բարձրությամբ երկրորդն է Արագածից հետո: Լեռան լանջերը զառիթափ են, պատված ալպյան և մերձալպյան բուսականությամբ: Գագաթային մասերում պահպանվում են ձնաբծեր:

 

Կապուտջուղը սահմանամերձ լեռ է: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի արդյունքում լեռան վերելքները դադարեցին և մինչ օրս գագաթն անհասանելի է:

 

Գոմշասար կամ Արիության լեռ 3724 մ


Մռավի լեռնաշղթայի ամենաբարձր լենագագաթը: Կազմված  է հրաբխածին ապարներից, կատարային մասը ժայռոտ է, լավ է արտահայտված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը՝ լեռնատափաստաններից մինչև ձնամերձ գոտի:

 

Լեռնագագաթին կան հնագույն սառցապատման հետքերը, նախկին սառցադաշտային կրկեսում այժմ էլ պահպանվում են ձյան բծեր:

 

Գոմշասարը սահմանային լեռ է: Այժմ լեռան գագաթին են գտնվում հայկական սահմանապահ դիրքերը: Լեռ բարձրանալն արգելվում է առանց հատուկ թույլտվության:

 

Ծռասար 3616 մ


Թեև Ծռասարը հանդիսանում է Հայաստանի չորրորդ լեռն ըստ բարձրության, սակայն այս լեռան մասին տեղեկություն գրեթե չկա:

 

Ծռասարը գտնվում է Արցախի Շահումյանի շրջանում՝ Ջերմաջուրից հարավ արևելք:

 

Այս տարի պատրաստվում ենք վերելք իրականացնել Ծռասար լեռ և ներկայացնել լուսանկարներ ու տեղեկություններ:

 

Աժդահակ լեռ 3597 մ


Աժդահակը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորության և 500 մետր շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով:

 

Բացարձակ բարձրությունը 3597 մ է, հարաբերականը՝ մինչև 400 մ։ Գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։

 

Գեղամա լեռների լանջերին կան նաև բազմաթիվ ժայռապատկերներ և վիշապաքարեր, որոնք գերում են զբոսաշրջիկներին:

 

Եթե ունեք տեղեկություններ, որոնք կհետաքրքրացնեն վերը նշված լեռների մասին տեղեկությունները խնդրում ենք կապվել մեզ հետ:

 

 

Նյութի աղբյուրը՝ Armgeo.am


 

 

ad title
ad title
ad title
ad title
Դեպի վեր